Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։

Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ տնտեսական աճի տեմպերը, զբաղվածության մակարդակը, գնաճի կանխատեսումները, ինչպես նաև արտաքին և ներքին գործոնների ազդեցության գնահատման արդյունքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հարկաբյուջետային կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին, ծախսային առաջնահերթություններին և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման քայլերին։

Քննարկվել են նաև սոցիալապես կարևոր ծրագրերի շարունակական ֆինանսավորման, ներդրումային ծրագրերի իրականացման և ֆինանսական կարգապահության ամրապնդման հետ կապված հարցեր։ Կարևորվել է ֆինանսական ռեսուրսների նպատակային ու հասցեական բաշխումը՝ տնտեսական և սոցիալական քաղաքականության համապարփակ իրականացումն ապահովելու համար։

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը առավել արդյունավետ և նպատակային դարձնելու վերաբերյալ։

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի կատարելագործման ուղղությամբ՝ առանձնահատուկ կարևորելով թիրախային ծրագրերի հստակեցումն ու դրանց համապատասխան քաղաքականության իրականացումը։ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական կատարելագործումը՝ բարձրացնելով դրա թափանցիկությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ