Քննարկվել են Կոնգրեսի և Հայաստանի պետական կառույցների համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ապագա նախաձեռնությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին՝ նշելով. «Ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանում։ Շնորհակալություն «Երևանյան երկխոսությանը» մասնակցելու համար։ Ձեր այցը գնահատում եմ որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ մեր վերջին ժամանակաշրջանում ակտիվ համագործակցության կարևոր բաղադրիչ։ Ձեր ղեկավարած կոնգրեսը ԵԽ-ի երկու առանցքային կառույցներից մեկն է, և ցանկանում եմ հատկապես ընդգծել տեղական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների դերը ժողովրդավարական պետությունների զարգացման գործում։

Անհերքելի փաստ է, որ ժողովրդավարական երկրներում պետական համակարգի կայունությունն ու ուժը մեծապես կախված են տեղական ինքնակառավարման մարմինների կայացվածությունից։ Վստահ եմ, որ այն աշխատանքները, որոնք այսօր իրականացվում են տեղական իշխանությունների կարողությունների զարգացման ուղղությամբ, արդեն իսկ տվել են և շարունակելու են տալ տեսանելի դրական արդյունքներ»։

Ի պատասխան՝ Մարկ Քուլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և կազմակերպված միջոցառման համար՝ ընդգծելով. «Շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար, ինչպես նաև հյուրընկալության՝ որը պատիվ ունեցա վայելել Հայաստանում։ Շնորհակալություն նաև բոլոր կազմակերպիչներին՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի համար։

Քաղաքականության մեջ ես արդեն 40 տարի եմ, և բազմաթիվ ֆորումների ու համաժողովների եմ մասնակցել, սակայն պետք է նշեմ, որ սա միանգամայն յուրահատուկ էր։ Հազվադեպ է պատահում, որ բանախոսների այսքան բարձր մակարդակ և լայն մասնակցություն ապահովվի։

Սա վկայում է այն մասին, թե որքան կարևոր դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը՝ որպես ժողովրդավարական և կայուն պետություն այս տարածաշրջանում։ Ընդհանրապես, Եվրոպայի խորհուրդը՝ ներառյալ Խորհրդարանական վեհաժողովն ու Կոնգրեսը, մշտապես բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող զարգացումները և բարեփոխումները»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնգրեսի և Հայաստանի պետական կառույցների համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ապագա նախաձեռնությունները։ Կողմերը կարևորել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ ընդգծելով դրանց շարունակականության և խորացման անհրաժեշտությունը։

Շեշտվել է արդարադատության ոլորտում բարեփոխումների շարունակման, ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացման ուղղությամբ գործադրվող ջանքերի կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այս գործընթացներն ունեն հիմնարար նշանակություն՝ արդար, պատասխանատու և արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու տեսանկյունից։

Անդրադարձ է եղել նաև տեղական ինքնակառավարման և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս համատեքստում նշվել է, որ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի աջակցությունը կարող է էական խթան լինել համայնքների կարողությունների զարգացման, ծառայությունների որակի բարելավման և բնակչության ներգրավվածության բարձրացման գործում։

Երկուստեք վերահաստատվել է համագործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանում ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման և համաչափ զարգացման առաջմղման։

Related posts

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Բախվել են մեքենաներ․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել