Փարիզում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 33-րդ տարեդարձը, նշել է, որ Հայոց բանակը մարմնավորում է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մեր ժողովրդի վճռականությունը և վերջինիս` որպես անկախ և ժողովրդավար երկիր գոյություն ունենալու իրավունքը։ Ընդգծել է, որ կազմավորման առաջին իսկ պահից ՀՀ Զինված ուժերը վճռորոշ նշանակություն են ունեցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։
Նշել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում` ընթացիկ բանակցություններում կառուցողական ջանքեր գործադրելով։ Միևնույն ժամանակ արդար և երկարատև խաղաղության հաստատման համար դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացումը և այդ համատեքստում իր երախտագիտությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանին աջակցելու վճռական հանձնառության և շարունակաբար ընդլայնվող պաշտպանական համագործակցության համար։
Վկայակոչելով հայ-ֆրանսիական բարեկամական կապերը և ներկայումս երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները՝ դեսպանը հիշեցրել է առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ երկու ժողովուրդների սերտ զինակցության հերոսական դրվագները, այդ թվում՝ հայազգի մարտիկների մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության շարժմանը։
Երեկոյի ընթացքում ելույթով է հանդես եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գևորգ Ղոնյանը։ Հիշատակելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները՝ գնդապետ Ղոնյանն ընդգծել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման ուղղությամբ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության կարևորությունը։ Շեշտել է, որ Հայոց բանակն եղել և շարունակում է լինել իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքի իրացման երաշխավորը։
Ընդունելությանը տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաները կատարել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային, ինչպես նաև՝ ՀՀ Զինված ուժերի օրհներգերը։

 

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան