Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ Հայաստանը հետևում է զարգացումներին և մաղթում է, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կողմից 2019 թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն:

Վարչապետի խոսքով՝ առաքելությունը հարգանքի տուրք է Սիրիայի ժողովրդին, որն ապաստան է տվել 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, և որի հետ հայ ժողովրդին միավորում են պատմական սերտ կապերը:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է լավագույն ջանքերը երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ:

ՀՀ-ում Սիրիայի դեսպանը երախտագիտություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ ճգնաժամի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Սիրիայի կառավարությունը շատ բարձր է գնահատում ՀՀ մարդասիրական առաքելությունը:

Նա ընդգծել է, որ դա վկայում է երկու երկրների ամուր բարեկամության մասին, և հարատև զարգացում, հաջողություններ մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում ընթացիկ զարգացումների և հումանիտար իրավիճակի շուրջ:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան