Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության դարավոր պատմության մեջ այս նշանակալից իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, հիմք դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության համար՝ ընդգրկելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։

Ստեղծված ամուր իրավական դաշտը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի վրա, որի ստորագրման 25-ամյակը մենք կնշենք այս տարվա օգոստոսին, և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը։

Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն այսօր առանձնանում է բարձր վստահության երկխոսությամբ, բոլոր մակարդակներում` ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում արդյունավետ փոխգործակցությամբ։

Մեր երկրները համագործակցում են ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ միավորումների շրջանակներում։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում և ռուսական կողմի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը»։

Related posts

Հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Նրանք ինֆորմացիայի են տիրապետում. Անդրանիկ Քոչարյանը՝ Ջհանգիրյանին և «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խմբին խորհրդատու ներգրավելու մասին

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան