Սևանա լճի լողափը շահագործվել է առանց հանգստացողների անվտանգության ապահովման. ձեռնարկատիրոջը մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դեռևս 2022 թ. սեպտեմբեր ամսին Երևանի բնակչի՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

«2022 թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ծովազարդ գյուղի «Ո…» կոչվող լողափում ջրասուզվել է մի տղամարդ։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում՝ ափից շուրջ 30 մետր հեռավորության վրա, ջրահեղձ եղած վիճակում, հայտնաբերվել է Երևան քաղաքի 63-ամյա բնակչի դին՝ առանց բռնության հետքերի։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՁ տնօրենը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրով Ծովազարդ գյուղի ափամերձ հատվածում ձեռք է բերել հողամաս, որտեղ հիմնել է «Ո…» հանգստյան գոտին և շահագործել այն որպես լողափ՝ քաղաքացիներին մատուցելով ծառայություններ:

Համաձայն ՀՀ Կառավարության 2008 թ․ դեկտեմբերի՝ «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին որոշման՝ առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների լողափերի շահագործումը չի թույլատրվում:

Վարույթն իրականացնող մարմինը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին համապատասխան գրություն է ուղարկել՝ խնդրահարույց լողափի վարձակալությանը, ինչպես նաև՝ որպես հասարակական նշանակության օբյեկտ շահագործման պայմանների և վարձակալողին ներկայացվող պարտադիր պահանջներին վերաբերող մի շարք հարցեր պարզելու նպատակով:

ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ամեն տարի՝ լողափնյա սեզոնին ընդառաջ, ՊՈԱԿ-ը տեղեկացնում է բոլոր վարձակալներին, որ շահագործվող և բուֆերային գոտիներում գտնվող լողափերի շահագործումն առանց փրկարարական ծառայությունների արգելվում է՝ ուղարկելով համապատասխան ծանուցագիր։ Վերոնշյալ տնտեսվարողը ևս ծանուցվել է այդ մասին։

Սակայն քննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ անհատ ձեռնարկատերը տարիներ շարունակ նշված հանգստյան գոտին շահագործել է ոչ միայն առանց ցանցապատելու, և այն գտնվել է առանց հսկողության, այլ նաև լողափը շահագործել է առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների։

Արդյունքում 63-ամյա տղամարդը, նշված օրը հանգստյան գոտու սպասարկման հատվածում լողալու ժամանակ, ափից համեմատաբար մոտ տարածության վրա, խեղդվել է, և նրան հնարավոր չի եղել օգնություն ցուցաբերել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ անհատ ձեռնարկատեր, «Ո…» հանգստյան գոտու տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ․․․ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում