Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին

Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Ուզում եմ արձանագրենք, որ սա այս գումարման ԱԺ-ում առաջին դեպքն է, երբ ԱԺ նախագահ կամ տեղակալ ընտրվում է ամբողջ ԱԺ-ի, ոչ թե մեկ խմբակցության կողմից: Սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որն ունի պարոն Վարդևանյանը նախագահությունում»,- հայտարարեց նա:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ուզում եմ հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանն ընտրվի, որովհետև իրավիճակն այնպիսին էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի, և սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկել մեծամասնության թեկնածուների օգտին:

Սա ամենևին չէր նշանակում, որ պարոն Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր: Սա ընդամենը նշանակում է, որ մեծամասնությունը համարել է՝ Սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել՝ անկախ մեր տարաձայնություններից, որոնք գործում են»:

Դիմելով Էդգար Ղազարյանին՝ Ռուբինյանն ասաց՝ պատգամավորի ելույթը վարման կարգի հետ կապ չուներ, ապա խնդրեց չչարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները:

Հիշեցնենք, որ փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանը ստացել է 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

Related posts

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ