Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը հայտարարել է «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին, որը կհամակարգի ինքը։ «Շարժումը մարդկանց ապաքաղաքական կամավոր միավորում է, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակին։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժմանը։ Այն գործելու է 5 ուղղությամբ՝ 5 աշխատանքային խմբի միջոցով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնել է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։ Կամավորական շարժման ստեղծումից հետո հաջորդ փուլը կուսակցության ստեղծումն է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որը կարտացոլի իրենց գաղափարները։