ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը. Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՌԴ Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղ ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին:

«Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել՝ «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ ԼՂ բանակային զորախումբ ուղարկելու մասին»»,- ՌԴ նախագահի՝ Դաշնային խորհրդին ուղղված նամակից հատված մեջբերեց Փաշինյանը:

Դաշնային խորհուրդը, Փաշինյանի խոսքով, նույն ձևակերպումները ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ:

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը:

Հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք: Բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին:

Ընդ որում՝ ես որևէ կանխավարկած չունեմ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ:

Պարզապես վերջին՝ ավելի քան 2 տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես օրինակ՝ Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելուն ուղղված գործողությունները անհանգստացնում են»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց ՌԴ խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»,- ասաց նա:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում