Ռազմական կցորդներին են ներկայացվել Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Նշվել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ։

Ընդգծվել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։

Related posts

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով

Թուրքիայում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել