Ջուլիետա Ավանեսյանը 9-րդն է երկամարտում. Ծանրամարտի ԵԱ

Երևանում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին՝ 9-րդ օրը, Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Առաջինը մրցահարթակ է դուրս եկել կանանց 87+ կգ քաշային կարգում հանդես եկող Ջուլիետա Ավանեսյանը: Նա երկամարտի 211 կգ արդյունքով (95+116 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը:
Պոկում վարժությունում Ավանեսյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով 95 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 116 կգ արդյունք:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմպբելը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Հատկանշական է, որ պոկում վարժությունում նա 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ հաջող կատարելով միայն մեկ մոտեցում և գլխավերևում պահելով 110 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն նա փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 143 կգ արդյունքով:
Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը՝ երկամարտի 252 կգ արդյունքով (117+135 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ուկրաինուհի Վալենտինա Կիսիլը՝ երկամարտում ցույց տալով 244 կգ արդյունք (111+133 կգ):
Ժամը 16:00-ից մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի