Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը

Մոսկվայում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացել է երկու երկրի ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի ելույթների հիմնական մասը վերաբերել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, անդրադարձ է եղել նաև միջազգային կարևորություն ունեցող այլ հարցերի: Պուտինն ու Մակրոնն անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը:

Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ – Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում նշել ենք ռուսաստանցի խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու օգնում են խաղաղ կյանքի հաստատմանը: Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս տեղի ունեցած համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին:

Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ – Մենք նաև անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ 8 ձերբակալված է ազատ արձակվել: Ֆրանսիայի ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար: Նախորդ ուրբաթ մենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանս ենք անցկացրել, որի ընթացքում հենց անդրադարձ է եղել անհետ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցերի, որոնք նույնպես կայունության տարրեր են: Նախագահ Պուտինի հետ մեր բանակցության ընթացքում ընդհանուր մոտեցումներ ենք հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ: Ցանկանում եմ ողջունել այն դերը, որը սահմանին ունեցել են ձեր զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ժամանակաշրջանում: Մինսկի խմբի պայմանավորվածությունների շրջանակում ևս և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը համապատասխան դեր ունեն:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ