Պուտինն ընդունել է Կիմ Չին Ընի հրավերը՝ այցելելու Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկ այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր երկիր։ Պուտինն ընդունել է հրավերը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առանձնազրույցի ընթացքում Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է այցելել Հյուսիսային Կորեա։ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այս հրավերը։ Բոլոր պայմանավորվածությունները կշարունակվեն դիվանագիտական ​​խողովակներով», – Պեսկովի խոսքերն է մեջբերում РБК պարբերականը։

Պեսկովին նաև հարց են տվել կողմերի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։

«Ռազմատեխնիկական համագործակցությունը պատկանում է փոխգործակցության բավականին զգայուն ոլորտների կատեգորիային։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Հյուսիսային Կորեան մեր հարևանն է, և մենք մտադիր ենք զարգացնել հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն էլ կանենք», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը երկու առաջնորդների հանդիպումն անվանել է «շատ և շատ կառուցողական»։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ Մասնավորապես, հոկտեմբերին նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Փհենյան։ Հուլիսին Հյուսիսային Կորեա էր մեկնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Related posts

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ. Ռուբինյան

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը

Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ