Պետական գույքի մասնավորեցման արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 607 020.09 հազար դրամ. Առնակ Ավետիսյան

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ԱԺ-ից՝ հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հաշվետվության նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2022 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացի վերաբերյալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 826,215.15 հազար դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 19,066.01 հազար դրամ: Սեփականաշնորհման հաշվին պետական բյուջե մուտքագրվել է 607,020.09 հազար դրամ, իսկ համայնքների բյուջեներ՝ 238,261.07 հազար դրամ:

Նշվել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում դասական աճուրդով վաճառվել են մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 55 անվանումով պետական միջոցները, իսկ ուղղակի վաճառքով` մեկ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

Ըստ Առնակ Ավետիսյանի` «Հերհեր» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերություններն ընդգրկվել են մասնավորեցման ծրագրում: Վերջինում կատարված աուդիտի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ երկու ընկերություններում էլ իրականացվում են մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ: «Մեր քաղաքականությունն այն է, որ կազմակերպությունները ներկայացվեն մասնավորեցման առողջ վիճակում և ներդրումների համար լինեն գրավիչ»,-ասել է Առնակ Ավետիսյանը:

Նա պատասխանել է պատգամավորների` մասնավորեցման խնդիրների վերաբերյալ հարցերին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում