Փետրվարի 6-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել քրեական գործ, որի համաձայն «Փարսայան միջազգային բեռնափոխադրումներ» ընկերության ներկայացուցիչը օգնել է մի խումբ մաքսային պաշտոնատար անձանց օրենքի խախտում կատարել՝ պետությանը պատճառելով 11,372,640 դրամի գույքային վնաս։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին։ Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Ն․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Փարսայան միջազգային բեռնափոխադրումներ» ընկերության ներկայացուցիչ, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձինք հանդիսացող՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի պետ Հ․Ա․-ին, նույն բաժնի պետի տեղակալ Գ․Թ․-ին, մաքսային տեսուչ Ա․Խ․-ին և քննությամբ դեռևս չպարզված այլ պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում իրենց ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելուն, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 11,372,640 ՀՀ դրամի գույքային վնաս։
Հ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի պետի պաշտոնը, ի թիվս այլնի, կրել է ապրանքների տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների կշռման, ցամաքային անցման կետերում այդ գործընթացի փաստաթղթավորման և հաշվառման, ցամաքային անցման կետերը հատող ապրանքների և տրանսպորտային միջոցների վրա կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների առկայության ստուգման, այդպիսի նույնականացման միջոցների փոփոխության, հեռացման, ոչնչացման, վնասման կամ շրջանցման հանգամանքների բացահայտման, ցամաքային անցման կետերով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վրա կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների կիրառման և (կամ) այդպիսի միջոցների հեռացման, ռիսկի պրոֆիլների և (կամ) զեկուցագրերի հիման վրա՝ ցամաքային անցման կետերով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառման, ցամաքային անցման կետերում հանցագործությունների և մաքսանենգության կանխարգելման, բացահայտման և կանխման, ինչպես նաև հանցագործության հատկանիշների առկայության դեպքում՝ իրավապահ մարմիններին հաղորդման ներկայացման աշխատանքները կազմակերպելու պարտականություններ, պաշտոնատար անձինք հանդիսացող՝ նույն բաժնի պետի տեղակալ Գ․Թ․-ի, մաքսային տեսուչ Ա․Խ․-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, «Փարսայան միջազգային բեռնափոխադրումներ» ընկերության ներկայացուցիչ Ն․Ա․-ի կողմից խոչընդոտները վերացնելու եղանակով դրսևորված օժանդակությամբ, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հանցակցությամբ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 11,372,640 ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև ցուցումներ տալու և խոչընդոտները վերացնելու եղանակով «ԱրմԱրմ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ա․Հ․-ին օժանդակել է թաքցնել հարկման օբյեկտը՝ խոշոր չափերով՝ 11,372,640 ՀՀ դրամ մաքսային վճարները չվճարելու նպատակով:
Ա․Խ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի օգոստոսի 05-ի թիվ 1/2370-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի մաքսային տեսուչի պաշտոնը, ի թիվս այլնի, կրելով ապրանքների տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների կշռման, ցամաքային անցման կետերում այդ գործընթացի փաստաթղթավորման և հաշվառման, ցամաքային անցման կետերով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վրա կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների կիրառման և (կամ) այդպիսի միջոցների հեռացման, ռիսկի պրոֆիլների և (կամ) զեկուցագրերի հիման վրա՝ ցամաքային անցման կետերով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառման, ցամաքային անցման կետերում հանցագործությունների և մաքսանենության կանխարգելման, բացահայտման և կանխման, ինչպես նաև հանցագործության հատկանիշների առկայության դեպքում՝ իրավապահ մարմիններին հաղորդման ներկայացման աշխատանքներին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1060-Լ հրամանի թիվ 22 հավելվածով սահմանված «Նույնականացման մեխանիկական միջոցների կիրառման վերաբերյալ» ուղեցույցով նախատեսված՝ նույնականացման մեխանիկական միջոցների տեղադրումը և դրանց հեռացումն անձամբ իրականացնելու և որևէ այլ անձի որևէ եղանակով չպատվիրակելու կամ այդպիսի գործողությունների կատարումը չհանձնարարելու, ինչպես նաև նախքան մաքսային հսկողության օբյեկտի վրա նույնականացման մեխանիկական միջոցների տեղադրումը՝ նույնականացման ենթակա օբյեկտն ուսումնասիրելու, հետագայում նույնականացված (կնքված, կապարակնքված) մաքսային հսկողության օբյեկտի նկատմամբ չարտոնված ներգործությունը՝ առանց տեղադրվող նույնականացման միջոցների հեռացման կամ վնասման բացառելու նպատակով նույնականացման միջոցների տեղադրման արդյունավետ տարբերակները պարզելու պարտականություններ, պաշտոնատար անձինք հանդիսացող՝ նույն բաժնի պետ Հովհաննես Ռոմիկի Ամիրխանյանի, բաժնի պետի տեղակալ Գ․Թ․-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, «Փարսայան միջազգային բեռնափոխադրումներ» ընկերության ներկայացուցիչ Ն․ Ա․-ի կողմից խոչընդոտները վերացնելու եղանակով դրսևորված օժանդակությամբ, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հանցակցությամբ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 11,372,640 ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև ցուցումներ տալու և խոչընդոտները վերացնելու եղանակով «ԱրմԱրմ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ա․Հ․-ին օժանդակել է թաքցնել հարկման օբյեկտը՝ խոշոր չափերով՝ 11,372,640 ՀՀ դրամ մաքսային վճարները չվճարելու նպատակով:
Կիրառված խափանման միջոցները
Մեղադրյալ Ն․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Մեղադրյալ Հ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Մեղադրյալ Ա․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ և պաշտոնավարման կասեցում։
Ն․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։
Հ․Ա․-ին և Ա․Խ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ինչպես նաև 46-290 հոդվածի 1-ին մասով։
Գործի ընթացքը
Գործը փետրվարի 6-ին մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին, իսկ նախնական դատալսումներ դեռևս նշանակված չեն,- տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: