ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Ագարակ» մաքսային անցման կետում, ԻԻՀ-ից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում, մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր: Խցիկում առկա բարձերի միջից հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր՝ 26 կգ քաշով: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը՝ առգրավվել: ԻԻՀ քաղաքացու նկատմամբ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշների:

Նշենք, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են: Տարեսկզբից մինչև հունիս ամիսն ընկած հատվածում բացահայտվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք, փորձ է արվել ՀՀ պետական սահմանով ներմուծել ընդհանուր 621 կապ՝ 135.7 կգ բնական մազեր:

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կոչ է անում խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները, հայտարարագրել սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու կամ չհայտարարագրելու փորձերից։

Related posts

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ