Չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայաններն ինչպե՞ս կառավարենք. Փաշինյանը՝ արևային հզորությունների մասին

Տնտեսության ներսում կառուցվածքային որոշակի խնդիրներ ենք տեսնում: Այսօր ես տեսա, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն է մայիսին նվազել. դրա բացատրությունը կապված է այդ թվում ներքին պահանջարկի որոշակի նվազմամբ: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքեց՝ նվազումը պայմանավորված է ինքնավար կայանների արտադրությամբ, երբ հիմնականում փոքր տնտեսությունները՝ մինչև 15 կվտ, իրենց արտադրածն սպառում են, և դա չի արտացոլվում արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ:

«Վերջին տարիներին արևային կայանների թիվն էականորեն ավելացել է, և այս պահին ունենք տեղադրված արդեն շուրջ 770 Մվտ հզորությամբ կայաններ, ինչը մեր ատոմային էներգակայանի կրկնակի հզորությունն է»,- պարզաբանեց նախարարը:

Փաշինյանը նշեց կարևոր այս հանգամանքը, ապա հիշեցրեց, որ 2018-2020 թվականներին ակտիվորեն քննարկվում էր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման հարցը, և այս ընթացքում վերականգնվող արևային էներգիայով գրեթե երկու ատոմակայանի հզորության արևային հզորություններ են գեներացվել:

«Ես սա համարում եմ լուրջ ձեռքբերում: Իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է ավելացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ էներգետիկայի ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված, ապա տեղեկացրեց, որ երեկ մասնակցել է հիպերմարկետի բացման արարողությանը, որի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատում է եղել: Դա, ըստ վարչապետի, կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր:

«Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց՝ հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, այն քննարկել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները:

«Դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, Կառավարությունը կստանձնեն ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած՝ արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք,- ասաց Փաշինյանը և հավելեց,- որ սցենարով էլ գնանք, մենք մի իքս պահի պետք է ապահովենք ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը:

Մեր ընթացքի փորձը հաշվի առնելով՝ պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև ՀՀ քաղաքացիները, իրենց խնայողություններով հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր ձեռք բերել:

Ուզում եմ հիշեցնել, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել և ժառանգել իրենց երեխաներին, սերունդներին կամ օգտագործեն հետագայում այնպես, ինչպես ուզում են:

Սա մեր հարուցած գործընթացների կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,- ասաց նա:

Related posts

Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով․ Նազելի Բաղդասարյան

Զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի և էական աճ ունենք. Փաշինյանը՝ Գորիսում և Մեղրիում նոր ենթակառուցվածնքերի մասին

Հայաստանն առաջին երկրներից է, որն արհեստական բանականությունը ներդրել է սոցիալական պաշտպանության համակարգում. Նարեկ Մկրտչյան