Ուրախ եմ, որ Հայաստանում Սիրիան ներկայացնում է հայազգի դիվանագետ. Ալեն Սիմոնյանը՝ Նորա Արիսյանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

ԱԺ նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ:

«Ուրախ եմ, որ Հայաստանում Սիրիան ներկայացնում է հայազգի դիվանագետ: Կարծում եմ, որ Ձեր նշանակումը մեր բարեկամ երկրների համար նաև խորհրդանշական է, և մոտ ապագայում շատ առիթներ կլինեն արդեն գործնական հանդիպումների համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ցավով է նշել այս տարիների ընթացքում սիրիացի բարեկամ ժողովրդի, այդ թվում՝ սիրիահայ համայնքի զրկանքների մասին: Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ սիրիացիները, ինչպես և հայ ժողովուրդը, կհաղթահարեն երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և առաջընթացի փուլ կմտնեն:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու դեսպանի նախաձեռնության համար:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում միջխորհրդարանական համագործակցությանը՝ շեշտելով բարեկամության խմբերի դերակատարումը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը բարի երթ է մաղթել Սիրիայի դեսպանին դիվանագիտական առաքելության գործում՝ հավելելով, որ պատրաստ է աջակցել նրա ցանկացած նախաձեռնությանը՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության զարգացման և խորացման:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ