Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ. վարչապետ

Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ական շրջանառության մեջ էր դրվում:
Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահատավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» և այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ:
Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի և ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, և ներսում նմանատիպ խոսույթները ձևավորողները շատ հաճախ չեն էլ կռահում՝ ինչին են մասնակցում, որովհետև ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն:
2020-2021 թվականներին առաջին մասն ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց, ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետև նրանց արտաքին գործընկերներն առաքելությունն ավարտված չեն համարում:
Այստեղ տեղին է քննադատությունը կառավարության և պետական մարմինների հասցեին: Իսկ ինչո՞ւ չեք կանխում. իհարկե, կան տասնյակ գործոններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացածության աստիճանն է:
Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, և հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է՝ իմ խորին համոզմամբ: Թերևս՝ շարունակելի»,- գրել է վարչապետը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում