Նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Հատիս լեռան տարածքում պեղումները մեկնարկել են հունիսի 1-ից. աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, որի կազմում ընդգրկված են հայ և իտալացի 6 հնագետներ (ղեկավարներ` Արթուր Պետրոսյան և Ռոբերտո Դան):

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով, մասնագետներին հարցեր ուղղել գտածոների մասին: Նախարարն ընդգծել է, որ պեղումների ընթացքում մեծ աշխատանք է արվել՝ նկատելի արդյունքներով, և հույս է հայտնել, որ ավարտն ավելի գոհացուցիչ կլինի:

«Այս տարածքը և պեղումներից ձեռք բերված յուրաքանչյուր գտածո մեր պատմական արժեքներն են, որոնք պահպանելու և զարգացնելու համար յուրաքանչյուրս մեծ անելիք ունենք։ Կարծում եմ, պեղումների արդյունքներն արդեն թույլ են տալիս մտածելու ամրոցի և դրա նոր բացված պատերի ամրակայման և վերականգնման մասին»,- ասել է նա:

Արշավախմբի ղեկավարը՝ Արթուր Պետրոսյանը նախարարին ներկայացրել է պեղման աշխատանքի մանրամասները՝ սկսած ամրոցի տեղադիրքից. «Ամրոցը գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10×10 մ չափերով քառակուսիների»:

Հիշեցնենք, որ այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, օբսիդիանից բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։

Հատիս լեռան վրա պեղումները շարունակվում են. ավարտը նախատեսվում է օգոստոսի վերջին։

Նշենք, որ պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա:

Related posts

Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ

Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը

«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան