Մշտադիտարկում Արագածոտնի մարզի ավտոմոբիլային ճանապարհներին և Շիրակի մարզի տեխզննության կայաններում. ՏԿԵՆ

Օրենսդրական կարգավորումների արդյունավետությունը և նոր կարգավորումների ներդրման նպատակահարմարությունն ուսումնասիրելու նպատակով՝ ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը ս.թ. նոյեմբերի 30-ին ամբողջ կազմով մշտադիտարկում է իրականացրել Արագածոտնի և Շիրակի մարզերում։

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզում ուսումնասիրվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված շուրջ 28 գովազդային վահանակ։ Դիտարկվել են տեղադրված գովազդային վահանակների համապատասխանությունը սահմանված տեխնիկական պայմաններին, վահանակների տեղադրման վայրերը, դրանց վիճակը, արգելապատնեշների առկայությունը։

Գյումրի քաղաքում մշտադիտարկում է իրականացվել տեխնիկական զննության բոլոր 4 կայաններում։ Այդ կայաններում ուսումնասիրվել են պահանջվող սարքավորումների առկայությունը և վիճակը, դրանց ստուգաչափված լինելու հանգամանքը և կիրառությունն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման ընթացքում, ինչպես նաև տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրման և կայանում ձայնագրությունները մեկ տարի ժամկետով պահպանելու հանգամանքը։

Միաժամանակ վարչության աշխատակիցներն այցելել են գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման 3 կայան, ծանոթացել նշված կայաններում իրականացվող գազաբալոնների ճնշափորձարկման և վկայագրման գործընթացին, սարքավորումների առկայությանը և դրանց վիճակին։

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած որոշ թերությունների վերաբերյալ տեղում իրականացվել են քննարկումներ և առաջարկվել է դրանք հնարավորինս արագ վերացնել։ Տեխնիկական զննության կայաններում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի և սահմանված կարգավորումներին համապատասխան գործընթացի անցկացման ավելի մանրամասն ուսումնասիրության նպատակով կայանների պատասխանատուներին առաջարկվել է նախարարություն ներկայացնել նախորդ ամիսներին իրականացված տեխնիկական զննության տեսաձայնագրությունները, ինչպես նաև տրվել են ցուցումներ՝ խիստ ուշադրություն դարձնել ձմեռային անվադողերի առկայությանը։

Մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով վարչության աշխատակիցների կողմից առաջիկայում նման աշխատանքային այցեր կլինեն նաև մյուս մարզեր, իսկ հայտնաբերված թերությունների վերաբերյալ կտեղեկացվի նաև տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին։

Related posts

Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան

Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո եթերում հնչած մեկնաբանության համար