Միրզոյանը պորտուգալացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հուլիսի 14-ին պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և դրական դինամիկայի պահպանման նպատակով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների անցկացումը: Ընդգծվել է մինչ օրս բազմակողմ հարթակներում անմիջական շփումների ինտենսիվությունը, ինչպես նաև երկու երկրերի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման նշականությունը:

Արարատ Միրզոյանը և Ժուաու Կռավինյուն քննարկել են հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Նշվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի աշխուժացման, ներդրումային ծրագրերի հեռանկարները պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ:

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտները, մտքեր են փոխանակվել համատեղ ընթացիկ և նոր ծրագրերի կյանքի կոչման շուրջ:

Զրուցակիցների ուշադրության կենտրունում են եղել նաև բազմակողմ օրակարգին առնչվող հարցերը: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում առկա փոխգործակցությանը:

Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային հարցերին: Արարատ Միրզոյանն իր պորտուգալացի գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղում առկա անվտանգային և մարդասիրական լուրջ մարտահրավերները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից արդեն 7 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը չեն նպաստում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները:

Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Բաքվի կողմից առավելապաշտական նկրտումներից և հռետորաբանությունից, ագրեսիվ գործողություններից հրաժարվելու, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Նախօրեին ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ ևս քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերին, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը: Ընդգծվել է վերջինիս կարևոր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կայունության ամրապնդման գործում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում