ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 13-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Արձանագրվել են նրա կողմից ներկայացված հանգամանքները, ուսումնասիրվել պահման պայմաններն ու վերաբերելի փաստաթղթերը։

Առանձնազրույցի ընթացքում Արեգնազ Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, հայտնել է, որ իր նկատմամբ դատարանի կողմից կիրառված հաղորդակցության սահմանափակման հետևանքով չի կարողանում հաղորդակցվել դստեր հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված՝ դատական վարույթին միջամտելու արգելքով պայմանավորված՝ Պաշտպանը չի քննարկում կոնկրետ քրեական վարույթով դատական ակտերի վերաբերյալ անհատական բողոքները։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կալանքը և դրա հետ փոխկապված իրավունքների սահմանափակումները ենթադրում են անձի իրավունքներին առավել խիստ միջամտություն, Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար բարձրաձայնում է դրանց առնչվող հարցերը։

Նկատի ունենալով այն, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը տարածվել է նաև վերջինիս անչափահաս դստեր վրա, իսկ դա ենթադրում է նաև երեխայի լավագույն շահի հաշվառում և անհրաժեշտ զգայունության պահպանում` այլ հարցերի թվում` Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված` դստեր հետ հաղորդակցության սահմանափակումները վերանայելու հնարավորությունը քննարկելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանը հասցեավորել է անձի կողմից խնդիրը բարձրաձայնելուց անմիջապես հետո։

Հաշվի առնելով դեպքի զգայունությունը՝ Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաև գործընկեր կազմակերպությունների հետ՝ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաև երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ։ Նշված տեղեկատվությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման:

Հրապարակման ենթակա այլ տեղեկությունների առկայության դեպքում ՄԻՊ հաստատությունը հանդես կգա լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:

Related posts

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը