Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն

Կառավարության որոշմամբ՝ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն:

Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Ինչպես նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հանվել են քրեակատարողական հիմնարկներում, նաև ՊՆ ԶՈՒ-ում սահմանափակումները. արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ այլևս թեստ հանձնելու կամ պատվաստվման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջը չի գործի։

«Այս որոշմանը զուգահեռ փոփոխություններ են իրականացվել նախարարի հրամանների մեջ. համաձայն այդ փոփոխությունների՝ վերացել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր պահպանելու արգելքը և աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ որոշումը պայմանավորված է հետևյալ փաստերով:

«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության ընդամենը 144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32 տոկոսով, երեկ գրանցվել է ընդամենը 3 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նա մահվան դեպքերի կտրուկ նվազում, և 14 օրերի ընթացքում մենք ընդամենը 1 մահ ենք ունեցել; Հաշվի առնելով այս կայուն իրավիճակը և նաև աշխարհով համավարակի նվազման տեմպերը՝ որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել, ինչը տեղավորվում է մեր ընդհանուր քաղաքականության մեջ:

Մենք համավարակի առաջին իսկ օրից շատ համաչափ և զգուշորեն ենք մոտեցել սահմանափակումներ կիրառելուն, և դրանք ուղղված են եղել միայն համավարակը զսպելու, կանխարգելելու և ժամանակ տալու առողջապահական համակարգին իր ուժերը մոբիլիզացնելու համար»,- ասաց նա։

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք