Տիգրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեդիաաշխարհի հսկան՝ TBS կորպորացիայի և CNN շուրջօրյա լրատվական հեռուստաալիքի հիմնադիր և նախագահ, պրոդյուսեր, բարերար Թեդ Թըրները (Robert Edward Turner III)։
Մեկ անգամ պատիվ եմ ունեցել հանդիպել Թըրներին և ահա թե ինչպես։ 1993 թ․ աշնանը ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Ջիմի Քարթըրի հրավերով մեկնել էի Ատլանտա (որտեղ գտնվում էին և Քարտըր-կենտրոնը և CNN-ի գլխամասը)։ Մի քանի օր հետո Քարթեր-կենտրոնում իջևանած մոտ մեկ տասնյակ այլ մեդիաղեկավարների հետ ճաշկերույթի հրավեր էի ստացել CNN նախագահից։ Մինչ ճաշկերույթը մեզ համար շրջայց կազմակերպեցին CNN կոչվող «հեռուստատեսային քաղաքով»։ Տպավորություններս նույնիսկ այսօր չեմ կարող փոխանցել․ զարմանքի, նախանձի, հիացմունքի, հուսահատության ինչ-որ խարնուրդ էր․․․ ես Գիքորն էի, որը ոչ թե Թիֆլիսում էր հայտնվել, այլ Փարիզի Ելիսեյան այգիներում։
Շրջայցից հետո հավաքվեցինք հեռուստատեսության տարածքում գտնվող շքեղ հյուրանոցի հսկա բաց պատշգամբում, որտեղ մեզ ծանոթացրեցին Թեդի և իր տիկնոջ՛ աշխարհահռչակ կինոդերասան Ջեյն Ֆոնդայի հետ։ Մի քանի նախադասություն փոխանակեցինք, Թըրներն ասաց, որ նախատեսում է մուտք գործել հայաստանյան մեդիաշուկա (նույնը, կարծես, ասում էր Արևելյան Եվրոպայից ժամանած բոլոր հյուրերին)։ Կյանքումս առաջին անգամ էի հանդիպում կենդանի միլիարդատերի, ու տպավորությունս դրական էր․ բոյով-բուսաթով, սպորտային կազմվածքով, խնամված բեղերով տղամարդ էր․․․
Թըրների հետ լուսանկար չունեմ («նկարահանող հեռախոսներ» այն տարիներին չկային), այս հրավերն է մնացել։ Ինչպես նաև Քարտերից կարճ նամակը, որի պատմության մասին գրել եմ նախանցյալ տարի ԱՄՆ 39-րդ նախագահի մահվան օրերին»,- գրել է նա։