Հունգարիայի իշխանությունները դիմել են ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով իրենց երկրի դեմ չկիրառել ամերիկյան նոր պատժամիջոցների մասին օրենքը, որը թույլ է տալիս պատժիչ միջոցներ ձեռնարկել ռուսական նավթի և գազի հիմնական գնորդների դեմ: Այս մասին հայտնել է Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտոն Հայդուն` Վաշինգտոն կատարած այցի ավարտին, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների օրենսդիրների հետ:
«Ես իմ բոլոր զրուցակիցներին խնդրել եմ աջակցել Հունգարիայի ջանքերին ՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը հետագայում նվազեցնելու և տարբեր աղբյուրներից էներգիայի մատակարարումներ ապահովելու ուղղությամբ: Բացի այդ, ես դիմել եմ խնդրանքով, որպեսզի անցումային շրջանում Հունգարիայի վրա չտարածվեն ռուսական էներգառեսուրսների գնման հետ կապված ԱՄՆ-ի պատժիչ միջոցները»,- գրել է Հայդուն Ֆեյսբուքում։
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը, որը նախատեսում է, մասնավորապես, երկրորդական պատժամիջոցներ ՌԴ առևտրային գործընկերների դեմ: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է 100 տոկոսի չափով ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթի և գազի հիմնական գնորդներն են: Հունգարիան նրանց թվին է պատկանում ։ Միևնույն ժամանակ, օրենքը թույլ է տալիս բացառություն պատժամիջոցներից, եթե դա բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից: