ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում երկուստեք կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները