ՀՀ վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին:

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է՝ զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գիտության բնագավառում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Դիմելով Յուրի Հովհաննիսյանին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի և տեղի գործընկերների հետ, ունեք նորանոր գաղափարներ և հաջողությամբ շարունակում եք գիտական գործունեությունը»:

Կառավարության ղեկավարը մեծանուն գիտնականին մաղթել է քաջառողջություն:

Յուրի Հովհաննիսյանը և Գրիգորի Տրուբնիկովը ներկայացրել են Հայաստան այցի մանրամասները և գիտության բնագավառում նոր ծրագրերի իրականացման, մասնավորապես, ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում գիտական նոր կենտրոնների հիմնմանն ուղղված քայլերը:

Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում մեր երկիրն ունի լավ հնարավորություններ և հավելել, որ իր փորձով շարունակելու է նպաստել ոլորտի առաջընթացին:

Հանդիպմանը քննարկվել են Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի շրջանակում երիտասարդ գիտնականներին նոր ծրագրերում ներգրավվելուն վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է 82 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը՝ 40-160 տոկոսով: Վարչապետն ընդգծել է, որ գիտության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և այն շարունակելու է գտնվել պետության ուշադրության կենտրոնում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում