ՀՀ-ում արձանագրվել է «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Փետրվարի 18-ին ՀՀ-ում արձանագրվել է «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1% (հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։
Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․
* օգտագործել հակամիջատային ցանցեր
* կրել փակ հագուստ, երկարաճիտք կոշիկ
* օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր
Հիշեցում ճանապարհորդներին.
վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են չիկունգունիա տենդի բռնկումներ։ Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ-վարակաբանի։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան