Հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7-ժամյա ջրանջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամի. Ջրային կոմիտեի նախագահ

Երկշաբաթյա ժամկետ ենք խնդրել «Վեոլիա Ջրի» հետ աշխատելու և վերանայելու ժամանակացույցը: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ արձագանքելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե երևանցիների և «Վեոլիա Ջրի» հարաբերություններն ինչպես լուծվեցին:

«Մեր նախնական գնահատականն այն է, որ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, լավարկելու: Մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա: Առաջինը պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերն են, որոնք ընթացիկ են, դրանք իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր՝ բավականին մեծ ծավալների: Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին:

Երկրորդը՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը: Խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ: Ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնելու և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնելու ավելի արագացված ռեժիմով»,- ասաց նա:

Պատգամավորը նկատեց՝ այսօր ևս Երևանի մի շարք հասցեներում գիշերը ջուր չի լինում, Ջրային կոմիտեի նախագահը արձագանքեց. «Հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամի: Ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն, և ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրն օգտագործվի: Բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ»:

Արամազդ Ղալամքարյանն անդրադարձավ նաև ջրային կորուստներին՝ տեղեկացնելով, որ ոռոգման համակարգում դրանք գնահատվում են մոտ 46-50 տոկոսի շրջանում: Իսկ ինչ վերաբերում է ջրամատակարարման ենթակառուցվածքներին առնչվող՝ «Վեոլիա Ջրի» ստանձնած պարտավորություններին, ըստ Ղալամքարյանի՝ ընկերությունը ստանձնել է 80 տոկոս հայտարարված կորուստներով, սակայն այն իջեցրել է մինչև 55-60 տոկոսի:

«Ուզում եմ նշել, որ «Վեոլիա Ջուրը» և Կառավարությունը վերջին երկու տարում 22 մլրդ դոլարի ներդրում են անում ենթակառուցվածքներում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ՝ պարզաբանելով, թե տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24 տոկոս նվազմամբ և նոր սպառողների թվի աճով։ Նշվում էր նաև, որ ներդրումային ծավալների եռապատկումը միտված է ջրի ֆիզիկական կորուստների կրճատմանը և առաջիկա տարիներին Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալների ավելացմանը։

Ավելի ուշ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։

Related posts

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են