Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը, ընդհանուր տարածաշրջանը. Միրզոյանը՝ Կավելաշվիլիին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքը, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը, ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»:
Նախարար Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:
ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կարևոր առաքելության ճանապարհին նոր նախաձեռնությունների կյանքի կոչման, արդի պայմաններում մարտահրավերների հաղթահարման գործում արդյունավետ փոխգործակցության հարցերի շուրջ:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա