Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Հնդկաստանի հետ հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանրապետության նախագահը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Իր խոսքում նախագահը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Հնդկաստանի հետ հարաբերությունները: Պատահական չէ, որ անկախությունից հետո շատ կարճ ժամանակում Հայաստանն ու Հնդկաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Այս տարիների ընթացում մեր հարաբերությունները դինամիկ զարգացել են բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Համոզված եմ՝ համատեղ աշխատանքով նոր հաջողությունների կհասնենք, որովհետև երկու կողմից էլ պատրաստակամությունը շատ մեծ է: Հատկապես վերջին վեց ամիսներին մեր հարաբերությունների ակտիվության մեջ դա նկատելի է»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհային նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուի ջերմ ողջույնները:

«Ինչպես նշեցիք, մեր փոխգործակցությունը մի շարք ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բավական ակտիվ է, և, ինչպես ընդգծեցիք, վերջին շրջանում նկատվել է այս հարաբերությունների խորացում:

Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման ընթացքում կանեմ առավելագույնը, որպեսզի այս հարաբերություններն ավելի խորանան և ընդգրկեն շատ ավելի մեծ շրջանակ, քան ներկայում կա»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական, քաղաքական, կրթական ու մշակութային փոխգործակցության մեծ ներուժի շարունակական իրացման անհրաժեշտությունը: Այս տեսանկյունից ընդգծվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային կապի գործարկման կարևորությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունները:

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին և նորանշանակ դեսպանին մանրամասներ ներկայացրել ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև միջազգային հարթակներում առկա համագործակցության առավել սերտացումն ու օրակարգային հարցերի շուրջ համատեղ աշխատանքը:

Related posts

ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ

Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն