Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023 թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական  աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ կապված որոշ նրբություններ և ի մի բերել մեր առաջիկա անելիքները՝ տնտեսական ակտիվության վերաբերյալ մեր նպատակադրումները երաշխավորելու իմաստով»:

Պատասխանատուներն անդրադարձել են 2023 թ. հունվար-փետրվարի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: Ըստ այդմ՝ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Շինարարության ծավալն աճել է 13.2, ծառայություններինը՝ 23.5, ներքին առևտրաշրջանառությանը՝ 18, արտաքինը՝ 77.7 տոկոսով: Նվազել է սպառողական գնաճի ցուցանիշը՝ կազմելով 8.1 տոկոս: Նշվել է, որ շարունակվում է կապիտալի և աշխատուժի ներհոսքը դեպի Հայաստան:

Քննարկվել են տնտեսության ոլորտում արձանագրվող առաջանցիկ աճի դինամիկայի պահպանման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և մյուս բնագավառներում ներդրումային նախագծերի ու զարգացման ծրագրերին, բարեփոխումների օրակարգին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, միջազգային տնտեսական միտումներին և այլն:

Ամփոփելով՝ երկրի վարչապետը կարևորել է տնտեսական շարունակական աճի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել Կառավարության նպատակադրումների կյանքի կոչումը:

Related posts

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին

Գյումրեցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ո՞վ է հետևում լրագրողական էթիկային. ո՞ւր դիմել խախտումների դեպքում