Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ #COP17-ը։
«Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։
Երևանը կվերածվի գլոբալ հարթակի, որտեղ կձևակերպվեն կենսաբազմազանության պահպանման նոր մոտեցումներ, կքննարկվեն համատեղ գործողություններ և կխթանվեն միջազգային համագործակցության ուղիներ։
Սա կարևոր պատմական իրադարձություն է Հայաստանի համար՝ հաստատելու մեր տեղը որպես պատասխանատու, նախաձեռնող և գործուն գործընկեր գլոբալ բնապահպանական գործընթացներում։
Մեր երկրին վստահվել է կարևոր առաքելություն՝ #COP17-ը գալիս է Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել համաժողովը հոկտեմբերի 18-30-ը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ՝ նշելով. «Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ առաջ մղելու կենսաբազմազանության պահպանման ջանքերը»:
ՀՀ շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գրել է, որ Երևանը կդառնա գլոբալ հարթակ, որտեղ կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման ուղիները, կձևավորվեն նոր պարտավորություններ և կստեղծվեն ռազմավարական գործընկերություններ՝ ի նպաստ մեր մոլորակի առողջ ապագայի:
«Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ դառնալու բնության պահպանման ոլորտում միջազգային որոշումների ձևավորման ակտիվ մասնակից և առաջատար»,- գրել է նախարարը։