Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք. ՏԿԵ նախարարը՝ անբարեխիղճ շինարարների մասին

Երկրի շինարարների հզորությունը չի բավարարում, որպեսզի իրականացնեն Կառավարության նախատեսած ծրագրերը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Եթե մեկ հոդվածով օրինակ բերեմ, նախորդ տարի 33 միլիարդ դրամ հատկացվել էր հիմնանորոգումներին, մեր շինարարները կարողացան 21 միլիարդ դրամի աշխատանք անել: Այս տարի արդեն 60 միլիարդ դրամ հատկացրել ենք:

Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն ու ասել, որ այն երևույթը՝ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամռանը չաշխատեցիք, և ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու: Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան «սև ցուցակ» և այլն: Վերջապես, անբարեխիղճ շինարարները պետք է հասկանան, որ չեն կարող այդպես աշխատել: Իրականում կան նաև բավական լավ շինարարներ, թող տարբերություն լինի նրանց միջև»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց.

«Բյուջեի ծախսային հատվածը վերլուծելիս կապիտալ ծախսերում տեսնում ենք թերակատարումներ: Այստեղ պետք է հասկանալ, որ միայն Կառավարությունը չէ, որովհետև, ըստ էության, կապիտալ ծախսերի իրականացնողը մասնավոր հատվածն է: Մենք պետական շինարարական կազմակերպություն չունենք: Ընդ որում՝ ցայտնոտային իրավիճակները որակի վրա էլ են ազդում»:

Related posts

Արմենուհի Հարությունյանը, Աշոտ Հայրապետյանը և Անահիտ Աբրահամյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար