Կյանքից հեռացել է Սիլվիո Բեռլուսկոնին

Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Ինչպես հայտնում է corriere.it կայքը, քաղաքական գործիչը կյանքից հեռացել է այսօր Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում։

Նախկին վարչապետը, «Առա՛ջ, Իտա՛լիա» (Forza Italia) կուսակցության առաջնորդը 86 տարեկան էր:

Բեռլուսկոնին հոսպիտալացվել էր անցյալ ուրբաթ: Ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և լեյկեմիա:

Բեռլուսկոնին ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 29-ին Միլանում։ Ավարտել է Միլանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մինչ քաղաքականությամբ զբաղվելը զբաղվել է բիզնեսով։

1994 թվականի ընտրություններում նրա ստեղծած «Առա՛ջ, Իտա՛լիա» կուսակցությունը աջ կենտրոնամետ կոալիցիայի կազմում հաղթել է, և Բեռլուսկոնին ընտրվել է վարչապետ, բայց մեկ տարի չանցած՝ 1995 թվականի հունվարին, նա հրաժարական է տվել։ Քաղաքական գործիչը 2001 թվականին կրկին կարողացել է ստանձնել վարչապետի պաշտոնը և նախարարների կաբինետի ղեկավարում մնացել մինչև 2006 թվականը։

Ընդդիմության մեջ գտնվելու կարճ ժամանակահատվածից հետո Բեռլուսկոնիի կուսակցությունը, որն արդեն կոչվում էր «Ազատության ժողովուրդ», և նրա դաշնակիցները ջախջախիչ հաղթանակ տարան 2008 թվականի ընտրություններում։ Այս անգամ Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2011 թվականի նոյեմբերը, երբ զարգացող տնտեսական ճգնաժամի և Իտալիայի սուվերեն պարտքի նկատմամբ եվրոպական բորսաների անվստահության ֆոնին նա ստիպված էր հեռանալ պաշտոնից։

Related posts

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար

ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը

Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. Գևորգ Պապոյան