Կկանոնակարգվի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը


 

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։ Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։ Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման, պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից մրցունակ պատրաստի արտադրանք ստանալու համար։ Միևնույն ժամանակ, վերջին տարիներին արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։ Որոշման ընդունման արդյունքում կստեղծվի բարենպաստ պայման ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան