ԿԽՄԿ Երևանի գրասենյակը հնարավոր գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկություններ է հավաքում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը հավաքում է վերջին ռազմական գործողությունների հետևանքով հնարավոր գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Հայաստանում կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ երեկվանից գրասենյակ են դիմում անձինք, որոնք կասկածներ ունեն, որ, հնարավոր է՝ իրենց հարազատը գերեվարվել է:

Ըստ Ամատունու՝ երկխոսության մեջ են պատկան մարմինների հետ՝ հայ զինծառայողների հնարավոր գերության մասին տեղեկությունները ճշգրտելու համար:

«Ինչ վերաբերում է այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածված հաղորդագրությանն այն մասին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել է իրենց մտադրության մասին, որ միակողմանի կարգով պատրաստ են հայկական կողմին փոխանցել զոհված հայ զինվորների մարմիններ, մենք կարող ենք հաստատել նման հաղորդագրության ստացումը:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ՝ առաջարկելով մեր ծառայությունները որպես չեզոք միջնորդ: Այդ մասին նաև տեղեկացրել ենք հանրությանը երեկ տարածած հաղորդագրության մեջ:

Նման մարդասիրական գործողություններում չեզոք միջնորդ հանդես գալու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, որպեսզի կարողանանք մարդասիրական ընթացակարգով կատարել այդ դերը»,- ասել է Ամատունին:

Related posts

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը

Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը