Կարծում եմ՝ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղություն կհաստատվի. Ալիև

Կարծում եմ՝ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորում և լիակատար խաղաղություն կհաստատվի՝ Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևի խոսքով՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պատմական համաձայնությունները նշանակում են, որ հակամարտությունն ավարտվել է:

«Մենք թևակոխել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի: Արդեն ավելի քան վեց ամիս է անցել, Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է: Փոխհրաձգություններ, զոհեր, վիրավորներ չկան»,- շարունակել է Ալիևը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները չեղարկվել են:

«Նաև սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել, ինչը, ըստ էության, նշանավորում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը: Այսպիսով, տեսնում ենք, որ արդեն իսկ հասել ենք խաղաղության»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման ճանապարհին որոշ ֆորմալ քայլեր են մնացել:

«Մենք սովորում ենք ապրել խաղաղ պայմաններում, և դա շատ լավ զգացողություն է»,- ընդգծել է Ալիևը։

Միևնույն ժամանակ, նա հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն:

«Հարկավոր է տարբերակել հարաբերությունների կարգավորումը պաշտոնական խաղաղության համաձայնագրից, քանի որ կարգավորումն արդեն ընթացքի մեջ է»,- մանրամասնել է պաշտոնյան՝ հույս հայտնելով, որ Հայաստանին և Ադրբեջանին կհաջողվի պաշտոնապես հասնել խաղաղության արդեն այս տարի:

Խոսելով ԱՄՆ փոխնագահի հետ ունեցած հանդիպման մասին՝ Ալիևը տեղեկացրել է, որ Ջեյ Դի Վենսի հետ քննարկել են այդ թվում՝ TRIPP-ի նախագիծը: Նա համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը կյանքի կկոչվի:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Ալիևը հաստատել է, որ Վենսը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը:

«Ես ներկայացրի Բաքվի դիրքորոշումը: Այդքանը»,- հավելել է նա։

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն