Կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու դուրս գալ պարտքային «փակ ցիկլից»․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց:

«Աչքովս մի քանի քննադատություն ընկավ, դրա համար մի թեթև անդրադառնամ այս հարցին: Մի քիչ երկար կստացվի, բայց կփորձեմ մաքսիմալ պարզ ու հասկանալի գրել:

Եվ այսպես, ի՞նչ ունենք: Ունենք տարիներով կուտակված և մեծ ծավալների հասած մի խնդիր, որը վերաբերում է հարյուր հազարավոր մեր հայրենակիցների:

Ունենք մի վիճակ, երբ ինչ ինչ պատճառներով վարկը սպասարկել չկարողացած (կամ մեկ այլ քաղաքացու երաշխավոր կանգնած) բազմաթիվ մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: Մի կողմից, նրանք չկատարված պարտավորություններ ունեն, որի պատճառով նրանց հաշիվները գտնվում են արգելանքի տակ: Մյուս կողմից, այս մարդիկ խուսափում են օրինական աշխատանքի ընդունվել, քանի որ իրենց բանկային քարտին աշխատավարձ ստանալու դեպքում՝ դրա մի զգալի մասը տեղում առգրավվելու է և ուղղվի կուտակված պարտավորությունների կատարմանը:

Արդյունքում, այս մարդիկ նախընտրում են մնալ ստվերում, աշխատել «սևով», որպես կանոն՝ ավելի վատ պայմաներով և չպաշտպանված: Իսկ այն գործատուները, որոնք ցանկանում են օրինական դաշտում աշխատել և պատշաճ գրանցել աշխատողներին՝ իրական աշխատավարձով, աշխատող ներգրավելու հարցում լուրջ դժվարություններ են ունենում: Սա էլ իր հերթին ազդում է աշխատաշուկայի, տնտեսության, բյուջեի եկամուտների, ֆինանսական համակարգի կայունության, ստվերայնության վրա՝ բնականաբար, վատ իմաստով:

Փակ ցիկլ է՝ իրավիճակ, երբ քաղաքացին ոչ թե պետության աջացությամբ հաղթահարում է դժվարություններն ու վերադառնում «առողջ միջավայր»՝ այդպիսով ինքն էլ ուժեղացնելով պետությունը, այլ հակառակը՝ ավելի է հեռանում այդ միջավայրից, պետության ու ֆինանսական ինստիտուտների հետ նորմալ հարաբերություններից՝ գնալով ստվեր, իսկ վատագույն դեպքում՝ խնդիրները լուծելու համար արտաագաղթում կամ դիմում անօրինականությունների:

Այժմ, երկար քննարկումներից հետո, կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու հաղթահարել դժվարությունները, դուրս գալ պարտքային «փակ ցիկլից» և նոր էջից սկսել իր տնտեսական կյանքը: Աջակցությունը ցուցաբերվելու է այն շահառուներին, որոնց վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով և կազմում են մինչև 1 մլն դրամ:

Սա, իհարկե, խնդրահարույց բոլոր վարկառուներին չի վերաբերում, սակայն լուծում է մի զգալի մասի խնդիրը: Ո՞րն է աջակցության ծրագրի իմաստը:

Տրամաբանությունը շատ պարզ է. քաղաքացին պետք է լինի կամ դառնա գրանցված աշխատող, և, որպես աջակցություն՝ կառավարությունը նախատեսում է արդեն իսկ աշխատող և ծրագրին մասնակցայնություն ունենալու իրավունք ստանալու համար աշխատանքի անցած անձանց հնարավորություն տալ աշխատավարձից գոյացող ողջ եկամտահարկը մինչև 2 տարի ժամկետում ուղղել վարկի մարմանը:

Որպես հավելյալ աջակցություն՝ նախատեսված է նաև վարկառուների՝ մինչև 80 տոկոսի չափով տույժ-տուգանքների մարում՝ բանկերի կողմից, ինչպես նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աշխատավարձից 20 տոկոսի գանձման սահմանաչափ:

Պարզ ասած, բանկը ներում է տույժ-տուգանքի զգալի մասը, իսկ մնացած մասն ու մայր գումարը մարդը վճարում է իր եկամտային հարկի հաշվին: Սա պետություն – բանկային համակարգ – քաղաքացի համագործակցության լավ ու երկար սպասված մոդել է, որից շահելու են բոլորը:

Քաղաքացին շահում է, որովհետև հնարավորություն է ստանում «մաքրվել», դուրս գալ, այսպես ասած, «սև ցուցակներից», վերականգնել վարկային պատմությունն ու վարկունակությունը, դառնալ գրանցված աշխատող՝ պաշտպանված իրավունքներով:

Բանկային համակարգը առողջացնում է իր վարկային պորտֆելը, ազատվում խնդրահարույց հաճախորդների հետ բարդ հարաբերությունների գլխացավանքից, և մյուս կողմից՝ մեծացնում պոտենցիալ վարկավորման հնարավորությունները, քանի որ այդ նույն մարդիկ կարող են դառնալ պարտաճանաչ վարկառուներ:

Պետությունը շահում է, որովհետև՝ նախ վերևի նշած երկու կետերն արդեն իսկ պետության շահերից են բխում: Բացի այդ, դաշտը «սպիտակում է», աշխատաշուկայի և տնտեսության իրական պատկերը թույլ է տալիս ավելի արդյունավետ և ճիշտ քաղաքականություններ մշակել: Իսկ միջնաժամկետ հատվածում, սա նշանակում է պետբյուջեի եկամուտների աճ, որովհետև պարտավորությունները մարելուց հետո այս մարդկանց եկամտային հարկը գնալու է պետական բյուջե:

Ասել, որ այս ծրագիրը նշանակում է պետբյուջեի՝ այլ հարկատուների հաշվին, մարել անբարեխիղճ վարկառուների պարտավորությունները, մեղմ ասած, մանիպուլյացիոն պնդում է: Այն պարզ պատճառով, որ այդ մարումը կատարվելու է հենց այդ վարկառուների վճարելիք հարկերի հաշվին: Եթե այս ծրագիրը չլիներ, այդ եկամտային հարկը չէր էլ գեներացվի կամ կմնար ստվերում (ինչպես եղել է մինչ օրս): Հուսով եմ, ծրագիրն իրեն կարդարացնի և մեր հայրենակիցները կօգտվեն այս հնարավորությունից»,- գրել է նա։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ