Կառավարությունը երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին շոշափելի աջակցություն է ցուցաբերելու

Կառավարությունը սահմանեց Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ այսօր խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրականացման պայմանները, նաեւ կադրերի վարձատրությունը:

«Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար մի դեպքում ելակետային է համարվում երեխաների միջին խաճախումների թիվը, մի դեպքում պլանային թիվը: Արդյունքում ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում»,- ասաց նա:

Հաստատությունների անձնակազմի վարձատրությունների չափը միևնույն ստաժի և կրթական ցենզի առկայության պայմաններում շատ տարբեր են: Ըստ Դումանյանի, ներկայացվող ֆինանսավորման կարգը նպատակ ունի կարգավորել դաշտը՝ առաջարկելով ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը.

հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խմբերի սաների համար.

2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,

2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,

2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։

«Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կազմում է շուրջ 425 հազար դրամ տարեկան կտրվածքով: Ենթադրվում է, որ պետական բյուջեի ծախսային մասը կավելանա»,- ընդգծեց Դումանյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Փաստորեն, 2022-ի սեպտեմբերի 1-ին հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ ուսուցիչների աշխատավարձի որոշակի բարձրացում տեղի ունենա որոշակի հատվածներում: Ես առաջարկում եմ՝ պայմանավորվենք, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո: Այսինքն՝ մենք բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում»:

Նա նաեւ հավելեց, որ 3-րդ եւ ամեն հաջորդ երեխայի համար սահմանում ենք նպաստ, որն անվանում ենք տուրք այդ ընտանիքին: «Մենք բավականին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

Մենք պետք է պայմանավորվենք, որ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում