Ծեծել են, նվաստացրել, ազատությունից զրկել և ազատ արձակելու համար ազգականից պահանջել 500 ԱՄՆ դոլար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ պարզվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ համերկրացիների կողմից ավազակություն և շորթում կատարելու, առանձին դաժանությամբ նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է:

«2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել՝ երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, հայհոյելու, սեռական ոտնձգություն և արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու, մերկ վիճակում տեսանկարահանելու և տեսանյութը հարազատներին ուղարկելու և գումար պահանջելու, իր մոտ առկա գումարը հափշտակելու և իրեն փակի տակ պահելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 194-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են տուժողի համերկրացիները:

Կատարված քննչական գործողություններով հիմնավորվել է, որ 43-ամյա տղամարդը, իր երկու ծանոթների հետ համատեղ ժամանակավորապես բնակվելով նույն կացարանում՝ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող հոսթելում, 2024 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 24:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, միասին ալկոհոլ են օգտագործել, որի ընթացքում կրոնական հարցի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև:

Այդ ընթացքում անհանդուրժողականության, ինչպես նաև 43-ամյա տղամարդու մոտ եղած գումարին ապօրինի տիրանալու շարժառիթներով վերջինիս ծանոթները սկսել են ձեռքերով և կոտրված աթոռի մասով հարվածներ հասցնել 43-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, հանել են  նրա հագուստը և հայտնաբերելով 500 ԱՄՆ դոլար գումար՝ հափշտակել են այն, այնուհետև կապելով նրա ձեռքերն ու ոտքերը՝ կրակայրիչով և փայտով մարմնական վնասվածքներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք:

Չսահմանափակվելով վերջինիս ծեծի ենթարկելով և նվաստացնելով, շահադիտական դրդումներով, ազգականին գումարի պահանջ ներկայացնելու նպատակով, նրան տևական ժամանակ ապօրինի զրկել են ազատությունից՝ անտեսելով 43-ամյա տղամարդու՝ իրեն ազատ արձակելու խնդրանքները, այնուհետև զանգահարել են վերջինիս ազգականին և նրան ազատ արձակելու պայմանով՝ պահանջել 500 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում