«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել «Միջին միջանցքի» մաս. ՀՀ վարչապետ

Թուրքիա այցի նպատակն է նաև մեր դիրքորոշումները, մոտեցումները, առաջարկները ավելի մանրամասն ներկայացնել Թուրքիայի նախագահին․ իհարկե, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին Նյու Յորքում նախորդ տարի տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում մենք հասցրել ենք խոսել, բայց շատ ընդհանուր գծերով: Այս մասին Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այցի շրջանակում քննարկումների համար ավելի երկար ժամանակ կլինի, և ինքն ուզում է համոզվել՝ Թուրքիան բավարար չափով տեղեկացվա՞ծ է մեր դիրքորոշումների և նրբությունների մասին:

Թե ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ, ըստ վարչապետի, այս հարցին պատասխանելու համար նախ պետք է համոզվել, որ Թուրքիան և Թուրքիայի նախագահը էական մանրամասներով ծանոթ են մեր առաջարկին:

«Շատ կարևոր է, որ պոտենցիալ հարցերի պատասխանները և մեր պատկերացումները նախագծի ամբողջական էության մասին ես հնարավորություն ունենամ Թուրքիայի նախագահին ներկայացնելու»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նման թեմաները նույնիսկ մի քննարկմամբ հնարավոր չէ ներկայացնել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ դիվանագիտական շփումները հենց դրա համար են կարևոր:

«Շատ կարևոր է վերջում իմանալ, թե որն է այն կետը, որը արձանագրվի, ու մենք կհամարենք, որ այս փուլի մեր նպատակն իրագործվեց: Արդեն ասացի․ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, որը ենթադրում է Հայաստան-Թուրքիա ճանապարհների, երկաթուղիների վերաբացում: Հիմա Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», և նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրվում է Թուրքիայի կողմից պաշտպանվող և Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքի» նախագծում, և գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել «Միջին միջանցք» նախագծի մաս և այդ տրամաբանության մեջ է»,- հայտնեց վարչապետը:

Related posts

Իրանի վրա հարձակումներով Իսրայելը տարածաշրջանը տանում է լիակատար աղետի. Արաղչի

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության չվճարելու հարցը կարող է քննարկվել դեկտեմբերի 31-ից հետո. Պանկին

25 տարի հոգեբանական և սոցիալական աջակցության առաջամարտիկ