Խաղաղապահներն Արցախում ականազերծել են 400 հեկտար տարածք, շուրջ 151 կմ ճանապարհ, 617 շինություն

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքի ականազերծման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 400 հեկտար տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա։

Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։

Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, ս. թ. նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

 

Related posts

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան