Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես գրում է ԲԵԼՏԱ գործակալությունը, երկրի ղեկավարը հնարավորինս բաց և անկեղծ է խոսել այս և ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակի հետ կապված այլ հարցերի շուրջ:

«Այս հակամարտությունը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.) պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, մենք դեռ հակամարտություն հրահրենք տաջիկաղրղզական սահմանին: Սա նույնպես անընդունելի է: Մենք պետք է վերջ տանք դրան: Չի ստացվի, որ ՀԱՊԿ շրջանակում մենք չենք կարող կանգնեցնել այդ հակամարտությունները։ Մենք պետք է լրջորեն քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հաջորդ նստաշրջանում»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսված ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի նախաշեմին Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Այնուամենայնիվ, Դուք (Զասը-Խմբ.) ինքներդ այնտեղ էիք, տեսաք, թե ինչ է կատարվում, միացյալ շտաբի պետն էլ աշխատեց, ամեն դեպքում սրանք մասնագետներ են։ Օրինակ, երբ առաջարկվում էր ՀԱՊԿ առաքելություն ուղարկել այնտեղ, ես մտածեցի՝ մենք այստեղ՝ Բելառուսում, Զասից ավելի ուժեղ մարդ ունե՞նք», – ասել է երկրի ղեկավարը։

Լուկաշենկոն նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա բավական է.«Պատերազմն ավարտվեց: Պարզ է, թե ինչպես ավարտվեց: Կողմերը որոշել են, որ իրենց միջնորդ է պետք: Սա դասական նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց տեղակայեց այնտեղ: Մենք հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռնում: Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում։ Ե՛վ Թուրքիայի հետ, Իրանի հետ այնտեղ, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և այլն։ Դե, էլ ի՞նչ է պետք։ Թող աշխատեն այս ուղղությամբ։ Իզուր չասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է, ինչու են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Դե ինչո՞ւ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ ՀԱՊԿ-ին էլ է պետք ներքաշել դրա մեջ։ Կարծես ուրիշ անելիք չկա»,- ասել է Լուկաշենկոն:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ