Ասիական շուկայում ածխի գներն աճել են՝ հասնելով գրեթե վերջին երկու տարվա ամենաբարձր մակարդակին։ Պատճառը Ինդոնեզիայի կառավարության հայտարարությունն է հումքային ապրանքների, այդ թվում՝ ածխի արտահանման նկատմամբ վերահսկողության խստացման մասին։
Ինդոնեզական 5900 GAR տեսակի ածխի գինը բարձրացել է մինչև մոտ 104 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ 4200 GAR տեսակի ածխինը գերազանցել է 64 դոլարը։ Միաժամանակ ավստրալական High-CV 6000 տեսակի ածխի արժեքը հասել է 133-134 դոլարի մեկ տոննայի համար։
Նոր սահմանափակումները ներդրվել են էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի պայմաններում։ Ամառային շոգերի պատճառով ավելացել է օդորակիչների օգտագործումը, ինչը մեծացրել է էլեկտրաէներգիայի սպառումը և, հետևաբար, ածխի պահանջարկը։
Ածխի նկատմամբ հետաքրքրությունն աճել է նաև Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի հետևանքով։ Հորմուզի նեղուցի աշխատանքի սահմանափակումները դժվարացրել են տարածաշրջանից էներգակիրների մատակարարումները, ինչի արդյունքում բազմաթիվ երկրներ սկսել են այլընտրանքային աղբյուրներ փնտրել։
Ըստ նոր կանոնակարգերի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ածուխ, արմավենու յուղ և ֆեռոհամաձուլվածքներ արտահանող ընկերությունները պարտավոր կլինեն հաշվետվություն ներկայացնել արտահանվող ծավալների վերաբերյալ։ Իսկ 2027 թվականի հունվարի 1-ից այդ ապրանքների արտահանման իրավունք կունենան միայն պետության կողմից լիազորված ընկերությունները։
Ինդոնեզիայի իշխանությունները նաև պահանջում են, որ արտադրողները նախ ապահովեն ներքին շուկայի բավարար պահանջարկը, ապա միայն իրականացնեն արտահանում։
Միջազգային շուկայում ածխի պահանջարկի աճին նպաստել են նաև ասիական երկրների քայլերը։ Մասնավորապես, Ճապոնիան և Հարավային Կորեան զգալիորեն ավելացրել են ածխի գնումները։ Հարավային Կորեայում ածխով աշխատող էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը ապրիլին աճել է 40 տոկոսով, ինչը ամենամեծ աճն է 2019 թվականի օգոստոսից ի վեր։
Ինդոնեզիան աշխարհի խոշորագույն ածխ արտահանողներից մեկն է։ Երկրում տարեկան արդյունահանվում է ավելի քան 800 միլիոն տոննա ածուխ, որից շուրջ 500 միլիոն տոննան արտահանվում է՝ հիմնականում ասիական շուկաներ։