Թրամփի ուղու օրակարգը շարունակում է լինել և՛ ԱՄՆ-ի, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. վարչապետ

Ամերիկյան պատվիրակությունը վերջերս այցելել էր ՀՀ. քննարկումները սկսվել են, և դրանք կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Այդ մասին Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի՝ Թրամփի ուղու վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ադմինիստրացիան շատ մեծ, գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ գլոբալ օրակարգում TRIPP-ի օրակարգը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ-ի, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. մեծ հետաքրքրություն կա: Այստեղ մեր ընկալումն այն է, որ օգոստոսի 9-ի առավոտը նայում ենք՝ էքսկավատորն այնտե՞ղ է, եթե չէ՝ ֆեյք է էլի հերթական. այդպես չի աշխատի: Այս պրոցեսների արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների. ինչ որ փորձենք արագ անել՝ չի ստացվելու, պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների: Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»,- նշեց վարչապետը:

Նա հայտնեց, որ քննարկումներ են սկսվել կոնկրետ բովանդակությունների վերաբերյալ, նախագծման շուրջ: «Կոնկրետ հիմա մենք աշխատում ենք, թե ով պետք է նախագիծ անի, ոնց պետք է նախագիծ անենք, ով պետք է ֆինանսավորի, որովհետև երկաթուղին պետք է նախագծվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը