Ընդամենը 3 տարում Հայաստանը գնել է 10 տարում գնած զենքի համարյա կրկնապատիկը. Վահագն Ալեքսանյան

2008-2018 թվականներին Հայաստանը գնել է 345 միլիարդ դրամի զենք: 2018-ից մինչև 2020-ն ընկած հատվածում Հայաստանը գնել է 609 միլիարդ դրամի զենք: Սպառազինության մասին վիճակագրությունն ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննող հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելուն:

«Սա առաջին անգամ չէ, որ ընդդիմությունը, ժամանակին իր իսկ կողմից Սահմանադրության մեջ ամրագրված ու Սահմանադրության փոփոխությունների առաջամարտիկը լինելով, ինչ-որ նոր թեզեր է առաջ քաշում: Դրա վառ օրինակն այսօր ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելն է կամ, այլ կերպ ասած, ավելի պարզ մարդկային լեզվով ասած՝ այդ աշխատանքներից ընդդիմության գլխապատառ փախուստը, ինչը, բնականաբար, լրիվ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ, օրինակ, ընդդիմությունը՝ Դաշնակցությունը, Հանրապետականը, չէր ուզում և այդպես էլ չեկավ քննիչ հանձնաժողով՝ լսելու, որ, օրինակ, 2008-2018 թթ. Հայաստանը գնել է ընդամենը 345 միլիարդ դրամի զենք: 345 միլիարդ դրամի զենք՝ 10 տարում. դա 1 միլիարդ դոլարից էլ քիչ է:

2018-ից մինչև 2020-ն ընկած հատվածում Հայաստանը գնել է 609 միլիարդ դրամի զենք, ընդամենը 3 տարում՝ 10 տարվա գնածի համարյա կրկնապատիկը: Ու ի՞նչ է սա, եթե ոչ՝ հայրենավաճառության մասին փաստական ապացույց: Եվ բնական է, որ հենց այս պայմաններում ընդդիմությունը պետք է հրաժարվեր և բոյկոտեր քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ հայտարարելով, որ ավելի լայն հանրային վստահության ինչ-որ կառույց է պետք, օրգան է պետք, տարբերակ է պետք:

Ես իհարկե հասկանում եմ՝ որտեղից են գալիս ընդդիմության սեփական վստահելիության ու հավանության ռեյտինգի մասին պատկերացումները: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ամենացածր շրիշակից էլ ներքև է այդ վստահության մակարդակը, բայց, խնդրում եմ՝ դա չպրոյեկտել մեր քաղաքական ուժի վրա: Ու ամեն դեպքում, եթե ունեք որոշակի հարցեր, պնդումներ, հակադարձումներ, եկեք քննիչ հանձնաժողով ու տվեք: Բայց չեք գա, չեք տա, որովհետև չկա մի բան, որ դուք կարող եք արտաբերել որպես մեղադրանք, ու դա չունենա հստակ ու ռացիոնալ պատասխան: Ու դա գիտակցելով է, որ դուք փախուստի՝ գլխապտույտ, գլխապատառ փախուստի մեջ եք քննիչ հանձնաժողովից»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան