Զինծառայողները հափշտակել են զորամասին հատկացված դիզվառելիքը․ Դատախազություն

Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Հայտնում է դատախազությունը։

Մասնավորապես՝ պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն, պատասխանատու լինելով վառելիքի և քսանյութի ծախսերը, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների ընդունումը, պահպանումը և ստորաբաժանումների բացթողնման աշխատանքները վերահսկելու համար, մտերիմ հարաբերություններ ունենալով ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ի հետ, նրանից վերցրել է 80 հազար դրամ:

Այնուհետև պարտքը մարելու, ինչպես նաև 1 լիտրը 400 դրամով Ա.Գ.-ին հավելյալ դիզելային վառելիք վաճառելու նպատակով 2022 թվականի մայիսի 18-ին վերջինիս հետ ձեռք է բերել զորամասի վառելիքը յուրացման եղանակով հափշտակելու և այն իրացնելու պայմանավորվածություն:

Հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու նպատակով՝ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն շարքային Գ.Ա.-ին հանձնարարել է Նորատուս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ չշահագործվող բենզալցակայանում «Ուրալ» մակնիշի ՊՆ վառելիքալիցքավորիչ ավտոմեքենայից դուրս բերել իրեն վստահված 5065 լիտր դիզելային վառելիքից 480 լիտրը և այն հանձնել ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ին:

Ա.Գ.-ն 2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ավտոմեքենայով գնացել է չշահագործվող բենզալցակայան, որտեղ շարքային Գ.Ա.-ն նշված վառելիքալիցքավորիչ ավտոմեքենայից դատարկել և 20 լիտր տարողությամբ 24 տարաներում լիցքավորել է ընդհանուր՝ 237 հազար 609 դրամ արժողության 480 լիտր դիզելային վառելիք, որը Ա.Գ.-ի հետ տեղավորել են նրա ավտոմեքենայում, ինչից հետո վերջինս հեռացել է հիշյալ վայրից:

2022 թվականի հոկտեմբերի 25-ին քրեական վարույթը ըստ մեղադրանքի N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում) և ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով (պաշտոնական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացմանը օժանադակել) ուղարկվել է դատարան (շարքային Գ.Ա.-ի նկատմամբ որոշվել է չհարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը):

Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրվող արարքում. նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով (800 հազար դրամ): Մեղսագրվող արարքում մեղավոր է ճանաչվել նաև ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ն. նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է հանրային աշխատանքը՝ 200 ժամ տևողությամբ:

Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել հիշյալ զինծառայողների հետագա ծառայության շարունակության նպատակահարմարությունը:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը