Երևանում կայացել է Կոբախիձե-Զելենսկի հանդիպումը

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը՝ առաջին անգամ հինգ տարվա ընթացքում: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Բանակցությանը մասնակցել են նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարները: Այն տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, քննարկման թեման վրաց-ուկրաինական հարաբերություններն էին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վերջին անգամ Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչները հանդիպել են 2021 թվականի օգոստոսին՝ այն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Կիև կատարած պաշտոնական այցի ժամանակ:

2022 թվականի փետրվարի 25-ին Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ չի ծրագրում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ Նույն թվականի մարտի սկզբին Զելենսկին հետ է կանչել իր դեսպանին Թբիլիսիից՝ պատժամիջոցների հարցում վրացական իշխանությունների դիրքորոշման պատճառով։ Վրաստանի կառավարության այդ որոշումը քննադատել է նաև ընդդիմությունը՝ հանրապետության իշխանություններին մեղադրելով Ռուսաստանի հետ համագործակցության համար:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները